ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է փոխեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու (ՀԱԵ) կառավարման համակարգը և ապահովեն հավատացյալների մասնակցությունն այդ գործընթացին։ Այս մասին վարչապետը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ՀԱԵ-ն համարում է «բռնազավթված» և ընդգծել, որ իշխանությունները մտադիր են փոփոխությունների հասնել պետության և եկեղեցու հարաբերությունների՝ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված կարգավորման շրջանակում։
«Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որոնցով եկեղեցու բռնազավթումը վերացվի։ Հավատավոր ժողովուրդը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը՝ ըստ ՀԱԵ-ի ավանդույթի»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է հոգևորականներին ապահովել սոցիալական երաշխիքներով, ինչը հիմա, նրա խոսքով, բացակայում է։ Նա նշել է, որ քահանաները պետք է օգտվեն նաև առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Վարչապետը կրկին պահանջել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը՝ նրան անվանելով աշխարհիկ անունով։
«Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա։ Եվ պետությունը բոլոր լծակները օգտագործելու է դրա համար»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ նպատակին հասնելու համար մտադիր է ձեռնարկել «հնարավոր բոլոր միջոցները»՝ թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես ՀԱԵ-ի հետևորդ։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ եղանակով են իշխանությունները մտադիր հասնել կաթողիկոսի հեռացմանը, ինչը մեկուկես տարվա առճակատման ընթացքում նրանց չի հաջողվել, Փաշինյանը պատասխանել է, որ հավատացյալները պետք է երաշխիքներ և լծակներ ունենան, և այդ դեպքում իրենք կհեռացնեն կաթողիկոսին։
«Կապրենք՝ կտեսնենք»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է նաև, ընդհանուր առմամբ, կրոնական կազմակերպությունների գործունեության կարգավորման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ՝ նա մատնանշել է ՀԱԵ-ի առանձնահատուկ կարգավիճակը՝ ընդգծելով, որ եկեղեցու և պետության հարաբերություններն առանձին ամրագրված են Սահմանադրությամբ։
Նշենք, որ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածը ճանաչում է ՀԱԵ-ի՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը։ Եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխությունների հայտարարությունը նոր Սահմանադրության մշակման ֆոնին է, որի տեքստը, Փաշինյանի խոսքով, կհրապարակվի առաջիկա ամիսներին։
Անդրադառնալով ՀԱԵ-ում իրավիճակի մասին իր հանձնարարությամբ պատրաստված զեկույցին՝ վարչապետը չի ընդունել այն պնդումները, թե ներկայիս ճգնաժամն ստեղծել է կառավարությունը։
Նրա խոսքով՝ փաստաթղթի հեղինակներն օգտագործել են բազմաթիվ բաց աղբյուրներ՝ ցույց տալու, որ իրենց մատնանշած խնդիրները գոյություն են ունեցել՝ անկախ իշխանությունների գործողություններից։ Փաշինյանը նաև հայտնել է, որ զեկույցում բարձրացված հարցերը պետք է ԱԺ-ում քննի քննիչ հանձնաժողովը։
Զեկույցը պատրաստել էր վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Փաստաթղթում հեղինակները մատնանշել էին ՀԱԵ-ում առկա 16 խնդիր և առաջարկել փոփոխությունների հնգափուլ ծրագիր։ Այն ներառում է Գարեգին Բ-ի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։
Հեղինակների մատնանշած խնդիրների թվում են եկեղեցական կանոնների ենթադրյալ խախտումները, ֆինանսական անթափանցիկությունը, եկեղեցական գույքի կառավարման հարցերը, եկեղեցու քաղաքականացումը, ինչպես նաև Ազգային եկեղեցական ժողովի գումարման երկարատև ընդմիջումը։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ բարեփոխումները պետք է իրականացնի հենց եկեղեցին՝ հոգևորականների և հավատացյալների մասնակցությամբ, իսկ պետությունը պետք է գործի իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցն անվանել էր հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի՝ այն գնահատելով որպես միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







