Ադրբեջանը Թուրքիայի հետ 500 մլն դոլարի պաշտպանական արտադրանքի մատակարարման պայմանագրեր է ստորագրել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունին։
Նշվում է, որ թուրքական TUSAŞ ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել 14 Hürkuş ուսումնամարզական ինքնաթիռի մատակարարման վերաբերյալ։ Aselsan-ի հետ ստորագրվել է ALP-100 շարժական ռադարի մատակարարման մասին հուշագիր։
Թուրքական Baykar ընկերությունը Ադրբեջանին կմատակարարի Mızrak շրջապտտող զինամթերք, ինչպես նաև Antidot ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության համակարգեր։
Roketsan-ի հետ պայմանագիր է ստորագրվել Barbaros ցամաքային հրթիռային համալիրի մատակարարման վերաբերյալ։
Պայմանագրերը ստորագրվել են Բաքվում անցկացվող ADEX-2026 պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Aselsan և Novasis MMC ընկերությունները նաև նախնական արձանագրություն են ստորագրել Նախիջևանում գործարան ստեղծելու վերաբերյալ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը և թուրքական Boğaziçi Savunma ընկերությունը ստորագրել են գործընկերության և տեղական արտադրության մասին համաձայնագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







