Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել դեռևս չպարզված հանգամանքներում, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ «զինծառայողն ինքնասպանություն է գործել՝ նռնակը պայթեցնելու միջոցով»։ Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիանում, մահացածը պայմանագրային զինծառայող էր 2022 թվականից։
Միայն օգոստոսին բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 4 դեպք էր արձանագրվել, որոնցից երկուսը՝ հրազենային վնասվածքից, մեկը՝ վրաերթից։ Չորրորդ զինծառայողը, ՊՆ-ի տվյալով, մահացել էր ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Մահվան դեպքերից հետո ռազմական ղեկավարության շրջանակներում նաև կադրային փոփոխություններ էին կատարվել։ ԶԼՄ-ները գրել էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ ԶՈւ-ում առաջացած դժգոհությունների մասին։ Այսօր ԶԼՄ-ները նաև գրել էին՝ Պապիկյանը մտավախություն ունի, որ իրեն «կզոհեն» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







