Սեպտեմբերի 24-ին Հայաստանի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի տարվա այս ժամանակահատվածի համար գրանցված պատմական առավելագույնին կամ կգերազանցի դրանք, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 33-34 աստիճան տաքություն։
Սուրենյանի խոսքով՝ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանը հիմնականում գտնվել է հարավից ներթափանցող տաք արևադարձային օդային զանգվածների ազդեցության տակ, ինչի հետևանքով միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր էր 2-3 աստիճանով։
Իրաքի շրջաններից տաք օդի ներհոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում և առավելագույնին կհասնի սեպտեմբերի 23-ին և 24-ին։ Այդ օրերին հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով։
«Սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այս օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է»,- նշել է Սուրենյանը։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին ջերմաստիճանը կնվազի շուրջ 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ կլիմայական նորմայից բարձր։
Առաջիկա օրերին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին շրջաններում սեպտեմբերի 22-ին, ինչպես նաև 25-27-ը հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







