Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Բուլղարիայի Անկախության օրվան նվիրված գալա համերգ, հայտնել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը։
Համերգը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին։
Համերգին միասին հանդես կգան Սոֆիայի օպերայի ու բալետի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարները։ Համերգային ծրագրում ընդգրկված են Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ռիխարդ Վագների, Շառլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Կամիլ Սեն-Սանսի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ումբերտո Ջորդանոյի և այլ անվանի կոմպոզիտորների հայտնի արիաները։
Բուլղարիան կներկայացնեն Գաբրիելա Գեորգիևան, Ռադոստինա Նիկոլաևան, Մարտին Իլիևը, Վենցեսլավ Անաստասովը և Պետար Բուչկովը։
Միջոցառումն անցկացվում է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի և Սոֆիայի օպերայի ու բալետի տնօրեն Պլամեն Կարտալովի աջակցությամբ։ Դեսպանատնից նշել են, որ համերգի նպատակն է ընդգծել Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային համագործակցությունն ու ստեղծագործական գործընկերությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







