Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Երևանում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փառատոնի շրջանակում նախատեսված են համերգներ, ցուցադրություն, գրքերի շնորհանդեսներ և թատերական ընթերցումներ։ Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանից և արտերկրից ժամանած արվեստագետներ ու երաժիշտներ։
Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի շիրիմին ծաղիկներ խոնարհելու արարողությամբ։ Նույն օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանից, Մեքսիկայից և Ֆրանսիայից արվեստագետների մասնակցությամբ։ Ծրագրում ընդգրկված են նաև Ռուբեն և Արսեն Դալիբալթայանների դաշնամուրային երաժշտության երեկոն, Վահագն Հայրապետյանի Armenian Colors Quartet-ի համերգային ծրագիրը և «Կոմիտասյան ընթերցումները»՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների մասնակցությամբ։ Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին՝ «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գրքի շնորհանդեսով և ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի համերգով։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







