Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին են փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։
«Կապի մեջ ենք Կատարի միջնորդի հետ, որը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու մեր պայմանները, և սպասում ենք նախագահ Թրամփի արձագանքին»,- ասել է նա։
Ռեզայիի խոսքով՝ Իրանի պայմաններն են՝ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, վերացնել իրանական ակտիվների սառեցումը և դադարեցնել ծովային շրջափակումը։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Հուլիսի 7-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր մասշտաբային հարվածներն Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար։ Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել էին ուղիղ հարվածների փոխանակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







