Երևանցի Վանիկ Ոսկանյանի սպանության մեջ մեղադրվող Բևերլի Հիլզի 19-ամյա բնակիչ Քոնորեյ Լավանտարան 2 միլիոն դոլար գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել, գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը։
Ոսկանյանն օգոստոսի 30-ին մահացել էր Նորթ Փալմ դրայվի 400-րդ թաղամասի հարևանությամբ գտնվող նրբանցքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով։ Բևերլի Հիլզի ոստիկանության և Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական ծառայության տվյալներով՝ 40-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էր դանակի բազմակի հարվածներից առաջացած վնասվածքներից։
Լավանտարային սեպտեմբերի 2-ին սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ դանակն օգտագործել է ինքնապաշտպանության նպատակով։ Բախման ընթացքում Լավանտարան ևս վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Սեպտեմբերի 3-ի դատական նիստում փաստաբան Դեբրա Ուայթը հայտարարել էր, որ բանավոր վիճաբանությունից հետո Ոսկանյանը բռնել էր իր պաշտպանյալի պարանոցից և բաց չէր թողել, ինչից հետո Լավանտարան դանակ էր գործածել։ Los Angeles Times-ը, հղում անելով California Post-ին, մեջբերել է դատավոր Քիթ Շվարցի խոսքերը, ըստ որոնց՝ Լավանտարանը կարող էր Ոսկանյանի հետ բախման մեջ չմտնել։
Լավանտարան գրավ է վճարել և սեպտեմբերի 4-ին ազատ արձակվել։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին, որի ընթացքում դատարանը պետք է որոշի նախնական լսումների անցկացման ամսաթիվը։
Ոսկանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել Բըրբենքի Սուրբ Ղևոնդ հայկական առաջնորդանիստ եկեղեցում, որից հետո նրան հուղարկավորել էին Գլենդելի Grand View հուշահամալիր-գերեզմանատանը։ Արարողությանը մասնակցել էր ավելի քան 100 մարդ։
Ոսկանյանը ծնվել է Երևանում և 2009 թվականին տեղափոխվել Գլենդել։ Հարազատների և ընկերների խոսքով՝ նա ապրել է մոր և եղբոր հետ, սիրել է ընթերցանություն, հետաքրքրվել քաղաքականությամբ և սպորտով։ Հայաստանում Ոսկանյանը սովորել է ատամնաբույժի մասնագիտություն, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո աշխատել է շինարարության և ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև՝ որպես ատամնատեխնիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







