Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրան իրավունք չի տալիս վերաշարադրելու տարածաշրջանի պատմությունը և ժխտելու այնտեղ պահպանված մշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, The Christian Post-ի իր սյունակում գրել է Save Armenia կազմակերպության ղեկավար Փոլ Մյուրեյը։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անկախ հետազոտողների համար հասանելիություն ապահովել տարածաշրջանի հայկական հուշարձաններին։
Հրապարակման առիթը Բաքվում հավատարմագրված դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցն էր Արցախ։ Մյուրեյի խոսքով՝ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը վանական համալիրները նրանց ներկայացրել է որպես «կովկասյան-աղվանական քրիստոնեության հուշարձաններ» և հայտարարել, թե, իբր, «հայերը փոխել են կառույցների նախնական տեսքը»։
Մյուրեյն ընդգծում է, որ Կովկասյան Ալբանիայի գոյությունը չի չեղարկում վանքերում պահպանված հայկական արձանագրություններն ու խաչքարերը, որոնք վկայում են դրանց պատմության և կրոնական պատկանելության մասին։ Մասնավորապես, Գանձասարի արձանագրություններից մեկը եկեղեցու կառուցումը կապում է XIII դարի իշխան Հասան Ջալալի անվան հետ և արձանագրում 1240 թվականին դրա օծումը։
Որպես նախադեպ՝ Մյուրեյը հիշատակում է Նախիջևանը։ Caucasus Heritage Watch-ի տվյալներով, որոնց հղում է անում հեղինակը, 1997–2011 թվականներին այնտեղ ոչնչացվել է 108 հայկական վանք, եկեղեցի և գերեզմանոց՝ նախագծի կողմից փաստագրված հայկական հուշարձանների 98%-ը։ Դրանց թվում էր Ջուղայի միջնադարյան գերեզմանոցը՝ հազարավոր հայկական խաչքարերով։
Արցախում, ըստ Մյուրեյի, խոսքն արդեն միայն հուշարձաններին սպառնացող վտանգի մասին չէ։ Նրա խոսքով՝ Քարինտակը գրեթե ամբողջությամբ ավերվել է, Ստեփանակերտում քանդվել է երկու հայկական եկեղեցի, այդ թվում՝ 2019 թվականին օծված Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ Շուշիում ոչնչացվել է հայկական և ռուսական գերեզմաններով, միջնադարյան խաչքարերով և XIX դարի տապանաքարերով գերեզմանոցը։
Հեղինակը մշակութային ժառանգության պահպանումը կապում է ավելի քան 120 հազար հայի ճակատագրի հետ, որոնք բազմամսյա շրջափակումից և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո լքել են Արցախը։ Մյուրեյի գնահատմամբ՝ հայկական ներկայության նյութական վկայությունների ոչնչացումը շարունակությունն է այն կորստի, որն արդեն կրել են մարդիկ՝ զրկվելով իրենց տներից, համայնքներից և նախնիների գերեզմաններ այցելելու հնարավորությունից։
Save Armenia-ի ղեկավարը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անկախ մասնագետներին հասանելիություն տրամադրել տարածաշրջան, իրականացնել հայկական եկեղեցիների, վանքերի, արձանագրությունների, ձեռագրերի, խաչքարերի և գերեզմանոցների ամբողջական գույքագրում, ինչպես նաև բռնի տեղահանվածներին հնարավորություն տալ այցելելու իրենց սրբավայրերն ու հարազատների գերեզմանները։
Մյուրեյը շեշտում է անկախ մշտադիտարկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած օտարերկրյա դիվանագետների այցը չի կարող փոխարինել անկախ դիտարկմանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փաստագրել ոչ միայն վանքերի և եկեղեցիների, այլև հայկական արձանագրությունների, ձեռագրերի, խաչքարերի և գերեզմանոցների վիճակը։
Կարդացեք նաև՝
Հաջիևի՝ Գանձասարի մասին հայտարարությունն անընդունելի է․ Փաշինյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







