ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում վարկային տոկոսադրույքների բարձրացման հավանականությանը։ ԱԺ նիստի ընթացքում նա պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին։
Պատգամավոր Ֆարմանյանը բարձրացրել է վարկային տոկոսադրույքների հնարավոր բարձրացման հարցը՝ հիշեցնելով, որ Կենտրոնական բանկի նախագահը չէր բացառել նման զարգացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման դեպքում։
Ֆարմանյանի խոսքով՝ հանրության շրջանում մտահոգություն կա վարկերի թանկացման վերաբերյալ։ Նա նշել է, որ ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկերի ծավալը Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է մոտ 7 մլրդ դոլար՝ ընդգծելով, որ բնակչության մի ստվար զանգված ընթացիկ սպառումը ֆինանսավորում է պարտքի հաշվին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի համաձայնել այն տեսակետին, թե սպառողական վարկերի ամբողջ ծավալը կապված է պարտքով ֆինանսավորվող սպառման հետ։ Միաժամանակ նա ընդունել է, որ նման խնդիր առկա է վարկերի մի մասի դեպքում։
Փաշինյանի խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում խնդրահարույց վարկերի քանակն ու տեսակարար կշիռը զգալիորեն նվազել են։
«Հայաստանի սուվերեն վարկանիշի շարունակական բարձրացման պայմաններում այդ բարձրացումը պետք է հանգեցնի նաև տոկոսների որոշակի նվազման։ Բայց չենք կարող չընդունել, որ այդ նույն ընթացքում նաև գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, որոնք գնաճային երևույթների են հանգեցնում, մասնավորապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը»,– ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ վարկային տոկոսադրույքները չեն որոշվում բացառապես ներքին գործոններով, սակայն կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել էր 0,25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը որպես տոկոսադրույքի բարձրացմանը դրդող հիմնական ռիսկերից մեկը նշել էր չափազանց բարձր պահանջարկը, որը գնաճային ճնշում է առաջացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







