Ծաղիկ արտահանող «Սիզընս Ռոս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ թուրքական կողմի՝ մաքսազերծման գործընթացը ձգձգելու պատճառով արտահանվող ծաղիկները չեն հասել գնորդին և փչացել են, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ընկերությունը հիմնադրվել է հուլիսի 6-ին՝ ծաղիկների արտահանման նոր շուկաներ գտնելու նպատակով։ Ընկերությունը մեկ անգամ ծաղիկ է արտահանել ԱՄՆ, այնուհետև փորձել է արտահանում իրականացնել Թուրքիա, սակայն արտահանման ձախողման հետևանքով ընկերությունը ֆինանսական վնաս է կրել։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին ուղղված նամակում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նման խնդիրների բախվում են նաև այլ գործարարներ։ Նրանց խոսքով՝ այդ գործարարները չեն տեսնում կառավարության հայտարարած արտահանման քաղաքականության իրական արդյունքները։
Մայիսի վերջից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների արտահանումը։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







