ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել արտերկրում գտնվող և պատժի կատարումից խուսափող անձանց նկատմամբ ժամանակավոր սահմանափակող միջոցներ կիրառելու համար։ Համապատասխան հրամանագիրը նա ստորագրել է սեպտեմբերի 7-ին։
Հանձնաժողովը կգլխավորի ՌԴ արդարադատության նախարարը։ Կազմում կընդգրկվեն Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների, Դաշնային հարկային ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության, «Ռոսֆինմոնիթորինգի» և Գլխավոր դատախազության ներկայացուցիչները։
Հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է օգոստոսի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած՝ ժամանակավոր սահմանափակող միջոցների մասին օրենքով։ Օրենքը հնարավորություն է տալիս սահմանափակումներ կիրառել արտերկրում գտնվող անձանց նկատմամբ, որոնք խուսափում են ուժի մեջ մտած քրեական պատժի կամ որոշ վարչական իրավախախտումների համար սահմանված պատժի կատարումից։
Նախատեսվող սահմանափակումները կարող են վերաբերել դրամական միջոցների և այլ գույքի տնօրինմանը, անշարժ գույքի ու տրանսպորտային միջոցների գրանցմանը, վարկերի և փոխառությունների ստացմանը, ինչպես նաև պետական և ֆինանսական մի շարք ծառայություններից օգտվելուն։
Սահմանափակումները, մասնավորապես, կարող են կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք խուսափում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրության խախտման, «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու, ռուսական բանակը «վարկաբեկելու» կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար նշանակված պատժի կատարումից։
Սահմանափակումներ կիրառելու մասին որոշումն ընդունել է ՌԴ արդարադատության նախարարությունը։ Գերատեսչությունը նաև վարելու է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ընդլայնել են արտերկրում գտնվող անձանց նկատմամբ գույքային սահմանափակումներ կիրառելու հնարավորությունները։ Մայիսին Պետդուման ընդունել էր փոփոխություններ, որոնք թույլ են տալիս կալանք դնել Ռուսաստանից հեռացած անձանց գույքի վրա՝ վարչական պատժի կատարումն ապահովելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







