ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) համայնքապետերի և ավագանու անդամների թեկնածուների ընտրությունը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ընտրություններին մասնակցող համայնքների ՔՊ կառույցներին հանձնարարվել է կուսակցության վարչությանը ներկայացնել առնվազն մի քանի մրցունակ թեկնածու՝ նրանց ընտրական հնարավորությունները գնահատելու և, ըստ այդմ, ընտրական ցուցակները ձևավորելու համար։
Թեկնածուների հարցը նախատեսվում է քննարկել նաև ՔՊ վարչության նիստերում։ Պարբերականի պնդմամբ՝ վերջնական ընտրությունը կատարելու է Փաշինյանը, իսկ վարչությունը հաստատելու է նրա որոշումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔՊ-ն Աբովյանի՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ավագանու ընտրություններում կարող է առաջադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին։ Կուսակցությունը նաև կարող է Գորիսի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած միասնական դաշինքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







