ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Թուրքիայում գործող բանկ է ավելացրել Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով գերատեսչությանը։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կիրառվել են Golden Global Yatirim Bankasi Anonim Sirketi ֆինանսական հաստատության և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Միջոցառումներն ուղղված են այն իրավաբանական անձանց դեմ, որոնք նպաստում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ֆինանսական գործարքների իրականացմանը և «իրանական ռեժիմին ապահովում են թղթակցային բանկային ծառայությունների հասանելիությամբ»։
ՏԱՍՍ-ն ավելի ուշ հայտնել է, որ թուրքական ներդրումային բանկը կբողոքարկի ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանափակումներ կիրառելու որոշումը։
Օգոստոսին ԱՄՆ-ն ընդլայնել էր Իրանի հետ կապված գործունեության ցանկը, որը ենթակա է երկրորդական պատժամիջոցների։ Սահմանափակումները կարող են տարածվել թվային ակտիվների, տեխնոլոգիաների, ոսկու, ավիացիայի և նավագնացության ոլորտների վրա։ Վաշինգտոնը նաև զգուշացրել էր, որ այն երկրները, որոնք շարունակում են առևտրային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ, կարող են զրկվել դոլարային ֆինանսական համակարգին հասանելիությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







