Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, Դիլիջանում բացօթյա համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ «Սիմֆոնիկ Դիլիջան» ծրագրում ընդգրկված են Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Յոհան Շտրաուս II-ի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Համերգի երկրորդ մասում կհնչեն Մայքլ Ջեքսոնի Black or White, System of a Down-ի Aerials, Queen-ի The Show Must Go On և We Are the Champions երգերի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի Les plaisirs démodés և Emmenez-moi ստեղծագործությունների սիմֆոնիկ մշակումները։
Համերգը տեղի կունենա Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա համերգասրահի տարածքում՝ Villa 3 Community Hub-ի հարևանությամբ։ Հասցեն՝ Դիլիջան, Մաքսիմ Գորկու փողոց 3/2։ Մուտքն ազատ է։
Միջոցառումը Green Rock-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում կազմակերպվող առաջին համատեղ համերգն է։ Համագործակցությունը նախատեսում է Դիլիջանում պարբերաբար համերգներ և մշակութային միջոցառումներ անցկացնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







