Հայաստանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվող հայ-թուրքական գործարար համաժողովին մասնակցելու համար շուրջ 150 թուրք գործարար է ժամանել Հայաստան, որոնց այցի ծախսերը հոգացել են Եվրամիության տրամադրած դրամաշնորհի միջոցներից, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու միջսահմանային կապերի ամրապնդմանը նվիրված համաժողովն անցկացվում է Երևանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։ Հայկական կողմից միջոցառումը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ-ից ստացած դրամաշնորհի շրջանակում։
Թերթը նշել է, որ Հայաստան ժամանած գործարարները ներկայացնում են Թուրքիայի արևելյան և արևմտյան շրջանները, ինչպես նաև արդյունաբերության, տեքստիլի և այլ ոլորտներ։ Պարբերականը մասնակից ընկերությունների անունները չի հրապարակել։
Համաժողովի հրավերն ուղարկվել է հայաստանյան գործարարներին։ Մասնակցությունը հաստատել էր 140 մարդ, սակայն միջոցառմանը ներկա է շուրջ 120 հայ գործարար։
Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը և չի որոշել նրանց թիվը։ Թուրք մասնակիցների սննդի, Երևանի կենտրոնում հյուրանոցային կեցության, տեսարժան վայրեր այցելելու և այլ ծախսերը հոգացել են դրամաշնորհի միջոցներից։ Միաժամանակ, Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի և այլ ծախսեր նախատեսված չեն, գրել է թերթը։
Միջոցառմանը մասնակցել և այն բացել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ ԵՄ պատվիրակության հաղորդմամբ՝ երկօրյա համաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցում է շուրջ 200 գործարար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, սննդի արտադրության և տրանսպորտի ոլորտներից։
Մարագոսը համաժողովը գնահատել է որպես հարևան երկու երկրի գործարար համայնքների միջև տնտեսական համագործակցության խորացման կարևոր քայլ։ Նա ընդգծել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը՝ նշելով, որ նման միջոցառումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել գործարարների համար։
Համաժողովն անցկացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի պաշտոնական տվյալներով՝ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլից մինչև 2027 թվականի սեպտեմբեր և նպատակ ունի տնտեսական ու մասնագիտական համագործակցության միջոցով ամրապնդել երկու երկրի միջև կապերը։
Ծրագրի կոնսորցիումում ընդգրկված են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը։
Տարածաշրջանային գործարար համագործակցության թեմային սեպտեմբերի 3-ին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով ադրբեջանցի գործարարների հետ հնարավոր համագործակցության մասին՝ նա հայտարարել էր, որ Երևանի խնդիրն է ստեղծել անհրաժեշտ քաղաքական պայմաններ, որպեսզի երկու երկրի գործարար համայնքները կարողանան աշխատել միմյանց հետ և բացահայտել փոխադարձ հետաքրքրության ուղղությունները։ Նրա խոսքով՝ համագործակցության առաջին գործնական արդյունքներն արդեն կան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 3-4-ը Երևանում նախատեսված համաժողովը միավորելու է Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում նախատեսվել էին տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցությունների և միջսահմանային կապերի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտների գործարարների երկկողմ հանդիպումներ։ Նախորդ համաժողովը հունիսի 2-ին անցկացվել էր Կարսում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







