Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է քննչական մեկուսարանում ընտանիքի անդամների հետ տեսակցություններից, թեև դրանց համար որևէ սահմանափակում չկա, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով նրա փաստաբան Էմին Խաչատրյանին։
«Հարազատների համար տեսակցությունները բաց են, սակայն նրանք չեն այցելել, քանի որ Ծառուկյանն ինքը չի ցանկանում։ Նա իմաստ չի տեսնում, որ կինը, դուստրերն ու մայրն այցելեն քննչական մեկուսարան»,- նշել է Խաչատրյանը։
Պաշտպանը քաղաքական գործչի առողջական վիճակը գնահատել է կայուն՝ նշելով, որ Ծառուկյանը պահման պայմաններից դժգոհություններ չի հայտնել։
Ծառուկյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։
ԶԼՄ-ները հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







