ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։
Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի 21։00-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում։ Նա նաև ավելի վաղ հայտնել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ հայրը սրտի միջամտության էր ենթարկվել։
Իրավապահները նախկին նախագահին, նրա ավագ որդուն և ևս 8 անձի տարբեր դրվագներով, բայց մեկ քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրել։ Այսօր առավոտյան ՀԿԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ հայր և որդի Քոչարյանները ձերբակալված են։ Քոչարյանի գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Կարդացեք նաև՝
Իրավապահները խուզարկում են Քոչարյանների տունը. ինչ է հայտնի այս պահին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







