Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:58

Հալաբյանում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում․ բժիշկ

Հալաբյանում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում․ բժիշկ

Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, լրագրողներին հայտնել է բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը։

«Պատասխանատու բան եմ ասում, բայց կարծում եմ՝ կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել է բժիշկը։

Նրա խոսքով՝ նորածնին բժշկական կենտրոն են տեղափոխել օգոստոսի 10-ի երեկոյան՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Բժշկի փոխանցմամբ՝ երեխայի վիճակը գնահատվել էր ծանր, ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան։

«Այդ ջերմաստիճանը կրիտիկական է նորածինների, հատկապես՝ նոր ծնվածների համար»,- ասել է բժիշկը։

Նա պարզաբանել է, որ նման վիճակում երեխային չի կարելի միանգամից տաքացնել։ Բժիշկները նրա մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացրել են, և այժմ այն նորմայի սահմաններում է՝ 36,7 աստիճան։

Նորածնի մոտ առկա է նաև շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նրան CPAP սարքի միջոցով շնչառական աջակցություն է տրամադրվում։ Բժշկի խոսքով՝ երեխան ինքնուրույն է շնչում, իսկ սարքն օգնում է թոքերում պահպանել անհրաժեշտ դրական ճնշումը։ Նախնական գնահատմամբ՝ շնչառական աջակցության անհրաժեշտությունը կարող է պահպանվել մի քանի օր։

Բժիշկների հաշվարկով՝ երեխան ծնվել է հղիության մոտ 36-րդ շաբաթում և փոքր-ինչ վաղաժամ է։ Նրա քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Զարգացման արատներ կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Բժիշկը նշել է, որ պորտալարի վիճակից դատելով՝ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հայտնաբերվելուց մոտ 3-6 ժամ առաջ։ Նրա խոսքով՝ կարելի է վստահորեն ասել, որ նորածինը բուժհաստատությունում չի ծնվել։

Նա նշել է, որ նորածնի ծնողներն այս պահին հայտնի չեն։ Բժշկական կենտրոն արդեն այցելել են սոցիալական ծառայության ներկայացուցիչները և կազմել երեխայի հայտնաբերման վերաբերյալ համապատասխան ակտ։ Բժշկի խոսքով՝ բուժումն ավարտելուց հետո նորածինը կտեղափոխվի մանկատուն։ Եթե բարդություններ չառաջանան, բուժումը կարող է տևել շուրջ 22 օր։

Օգոստոսի 10-ին Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ շորի մեջ փաթաթված։ Երեխային տեղափոխել էին հիվանդանոց։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նորածինը աղջիկ է, հայտնաբերվել է շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նրան առաջինը նկատել է քաղաքացին և ահազանգել շտապօգնություն։