Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին՝ հոգևորականների նկատմամբ ընթացող դատական գործընթացների ֆոնին։
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը «խոր ցավ և վիրավորանք» է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի հավատացյալների շրջանում։
Պատրիարքությունում ընդգծել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական դերը հայ ժողովրդի հոգևոր և ազգային միասնության պահպանման գործում՝ նշելով, որ կաթողիկոսին և եպիսկոպոսներին քրեական մեղադրանքներով դատական գործընթացների ներգրավելը վիրավորում է եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։
«Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,– ասվում է հայտարարության մեջ։
Պատրիարքությունը պատասխանատուներին կոչ է արել «անխոցելի պահել Հայ եկեղեցին» և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատարաններում քննվող վեճերի։
Պատրիարքությունում նաև նշել են, որ Հայ Առաքելական եկեղեցին առանցքային դեր ունի Սփյուռքի հայերի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում, ուստի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակությունը թուլացնելուն ուղղված քայլերը կարող են վնասել եկեղեցու և հավատացյալների միջև դարերով ամրացած կապերին։
Պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին՝ կոչ անելով դադարեցնել այն գործողությունները, որոնք գնահատում է որպես Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամական։
Ավելի վաղ կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացները քննադատել էին նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, մի շարք քաղաքական, հասարակական և հոգևոր կառույցներ։ Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրանք էր առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայ Առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







