Արևմտյան գործընկերները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել հանգստություն և զսպվածություն ցուցաբերել հնարավոր ճնշումների կամ ընտրության առջև կանգնելու պահանջների դեպքում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ այդ հորդորները հնչել են Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։
Միևնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրների, ՌԴ-ի դիվանագիտական խողովակներով ստացվող արձագանքներից պարզ է դարձել, որ առաջիկայում Մոսկվան կարող է ավելի կոշտ գործիքակազմ կիրառել Հայաստանի նկատմամբ։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։
Փաշինյանը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ հայկական ապրանքների մատակարարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները վկայում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստացի «կաթվածահար» վիճակի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







