Լեհ քաղաքական գործիչ, իրավաբան և բլոգեր Տոմաշ Լեխ Բուչեկը բաց նամակ է հրապարակել՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հայտարարելով, որ չի կարող անտարբեր մնալ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի դեմ իրականացվող արշավի ֆոնին։
Նամակում Բուչեկը նշելով, որ լեհ է և կաթոլիկ լեհական Լուբլին քաղաքից, ընդգծել է, որ չնայած հայկական արմատների բացակայությանը՝ խորը հարգանք է տածում հայ ժողովրդի, նրա պատմության և քրիստոնեական ժառանգության նկատմամբ։ Քաղաքական գործչի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին «վերջին բերդն է, որը հնարավոր չէ գնել», «վերջին ձայնը, որը դեռ ճշմարտությունն է ասում, երբ բոլորը լռում են», և «վերջին տունը, որտեղ հայը մնում է հայ, այլ ոչ թե կուսակցության անդամ»։
Կաթողիկոսի դեմ հարձակումները նա կապել է առանձին քաղաքական ուժերի՝ սեփական ձախողումները թաքցնելու փորձերի հետ։
«Երբ հայը հարվածում է իր եկեղեցուն, նա հարվածում է սեփական հոգուն»,- ասվում է նամակում։
Բուչեկը քննադատել է նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք, նրա խոսքով, հրապարակայնորեն հայտարարում են ՀԱԵ-ն աջակցելու մասին, սակայն «լռում են, երբ պղծվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», կամ աջակցում են կաթողիկոսի դեմ արշավներին՝ հանուն սեփական քաղաքական կամ գործարար շահերի պահպանման։
«Այդ լռությունը դավաճանություն է։ Այդ երկերեսանիությունը դավաճանություն է։ Հիշե՛ք, Հիսուսին ոչ թե Պիղատոսն է դավաճանել, այլ Հուդան՝ իր աշակերտը»,- գրել է Բուչեկը։
Լեհ քաղաքական գործիչը զուգահեռ է անցկացրել կոմունիստական վարչակարգի ժամանակների Լեհաստանի պատմության հետ՝ հայտարարելով, որ եկեղեցու ազդեցությունը թուլացնելու փորձեր արվել են նաև իր երկրում։
«Մենք գիտեինք՝ առանց եկեղեցու չկա Լեհաստան։ Առանց Էջմիածնի չկա Հայաստան»,- գրել է նա։
Բուչեկն ընդգծել է, որ Գարեգին Բ-ն «կատարյալ մարդ չէ», սակայն մնում է օրինական կաթողիկոս և պատասխանատվություն է կրում պատերազմից, Արցախի կորստից և ներքին պառակտումից հետո ժողովրդի միասնության պահպանման համար։
«Կարող եք չհամաձայնվել նրա հետ, բայց դուք իրավունք չունեք նրան նվաստացնել, վիրավորել և նրա տապալումը պահանջել հրապարակներում։ Դա անում են միայն նրանք, ովքեր երբեք չեն կառուցել, միայն քանդել են»,- հայտարարել է լեհ քաղաքական գործիչը։
Ուղերձի վերջում նա կոչ է արել դադարեցնել հարձակումները կաթողիկոսի և եկեղեցու վրա։
«Ձեռք մի՛ տվեք իմ եղբայրների կաթողիկոսին։ Ձեռք մի՛ տվեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Եթե ուզում եք ուժեղ Հայաստան, ծնկի՛ եկեք եկեղեցիում, այլ ոչ թե եկեղեցու դեմ»,- գրել է Բուչեկը՝ առանձին կոչ անելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին անմասն չմնալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել կաթողիկոսին։ Հունվարին Փաշինյանը հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։
Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







