«Սրբազան պայքար» շարժման աջակից, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ։
Չախոյանը 2026 թվականի փետրվարի 26-ից տնային կալանքի մեջ է։
Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը Չախալյանին ազատ արձակելու վերաբերյալ։
Դատարանը նաև անփոփոխ է թողել Չախալյանի՝ երկրից բացակայելու արգելքն ու սահմանված մյուս սահմանափակումները։ Միաժամանակ, նրան թույլատրվել է շփում ունենալ իր բնակության հասցեում գտնվող ընտանիքի անդամների և հարազատների հետ։
Դատական նիստի ժամանակ դատավոր Ֆարխոյանը, հիմնավորելով որոշումը, նշել է, որ Չախալյանի կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել կամ նվազել։
«Դատարանը գտնում է, որ այլ խափանման միջոցներ չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը»,- ասել է դատավորը։
Որոշման հրապարակումից անմիջապես հետո նիստերի դահլիճում ներկա գտնվողներն սկսել են վանկարկել՝ «ամո՛թ, ամո՛թ»։
Պաշտպանական կողմը պնդել է, որ արդեն 1 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվող Չախալյանն անհիմն է զրկված ազատությունից և պետք է անհապաղ ազատ արձակվի։
Փաստաբաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ քրեական գործի նյութերում Չախալյանի դեմ որևէ ծանրակշիռ ապացույց չկա։
Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5-ին՝ «Սրբազան պայքար»-ի գործով: ՔԿ-ի վարկածով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները մեղադրվում են Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







