«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ «Կամք» նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Փաստաբանները հայտնել են, որ Չախալյանի ընտանիքը բնակվում է վարկով ձեռք բերված տանը։ Ընտանիքի բոլոր արժեքավոր իրերը գրավադրված են, և դատարանը, որոշելով երկարաձգել կալանքը, ընտանիքին կթողնի անօթևան։
Ըստ պաշտպանական կողմի՝ ապագա արդարացման դատավճիռը չի կարող փոխել երեխաների հոգեկան տրավման և վերադարձնել նրանց տունը։ Փաստաբանը նաև արտահայտվել է տնային կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման դեմ, քանի որ այն հնարավորություն չի տալիս Չախալյանին աշխատել։
Փետրվարի 12-ին դատարանը մերժել էր պաշտպանության կողմի՝ խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։
ԱԱԾ-ն հունիսի 25-ին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով, նրանց թվում էր նաև Չախալյանը։






































