Հակակոռուպցիոն դատարանը վերացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և անհրաժեշտ չի համարել նրա նկատմամբ որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը։ Վճիռը հուլիսի 24-ին կայացրել է դատավոր Լևոն Պետրոսյանը։
Անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոցներին, մասնավորապես՝ տնային կալանքին և վարչական հսկողությանը, դատարանը կիսել է պաշտպանական կողմի մոտեցումը և արձանագրել է, որ այդ միջոցները ևս սահմանափակում են անձի ազատությունը։
Հաշվի առնելով այն, որ նախկինում ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Ղազինյանի կողմից վարույթի քննությանը խոչընդոտելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, դատարանը որոշել է, որ որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անհրաժեշտություն չկա։
Արձանագրվել է, որ Ղազինյանն ազատությունից զրկվել է այն պահին, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ չի ունեցել։ Սակայն քրեական վարույթի ընթացքում նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ 2026 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ։
Այս իրավիճակում դատարանը հղում է կատարել Բարձրագույն դատական ատյանների նախադեպային դիրքորոշումներին։ Մասնավորապես, ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման, անազատության մեջ գտնվող և պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած, չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ։
Քանի որ Ազգային ժողովի կողմից Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն կամ համաձայնություն չի ներկայացվել, դատարանը հանգել է այն եզրակացության, որ կիրառված խափանման միջոց կալանքը չի կարող շարունակվել և ենթակա է վերացման։
Ղազինյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատական նիստում նա հայտարարել է․ «Համոզված եմ, որ խոսքը մեկ մարդու ցանկությունների բավարարման մասին է, և ես չեմ ընդունում այս մեղադրանքը»։
Ղազինյանն իր նկատմամբ քրեական հետապնդումը համարել է քաղաքական պատվեր և վստահություն հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, ունակ է փոխել իրավիճակը երկրում։
«Համոզված եմ՝ ունենալու ենք երկիր մեր ղեկավարի՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, որ այսպիսի տեսարաններ էլ չտեսնենք, ազատազրկված մարդիկ՝ քաղաքական պատճառներով»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Ազգային ժողովին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմելու դատախազության հնարավոր քայլին՝ պատգամավորը նշել է, որ պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։
Դատարանը նաև փոխել է գործով մեկ այլ մեղադրյալ Արման Սարգսյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով երեք ամիս ժամկետով տնային կալանքով՝ բնակության վայրը լքելու արգելքով։ Եվս երկու մեղադրյալների՝ Լիլիա Սարգսյանի և Արսեն Մելիքյանի տնային կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է երեք ամսով։
ԿԸՀ-ն հունիսի 17-ին համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար։ Պաշտպանական կողմը գործը քաղաքականապես մոտիվացված էր որակել և հայտարարել, որ մեղադրանքը հիմնավորող փաստեր չկան։ Ղազինյանին կալանավորել էին հունիսի 18-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







