ԱՄՆ գերագույն դատարանն անվավեր է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանագիրը, որը սահմանափակում էր ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ դատարանի՝ այս իրավունքը երաշխավորված է ԱՄՆ սահմանադրությամբ։
Թրամփը ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակող գործադիր հրամանագիրն ստորագրել էր 2025 թվականի հունվարի 20-ին՝ իր երդմնակալությունից հետո։ Նա հանձնարարել էր պետական մարմիններին մերժել քաղաքացիություն տրամադրել Միացյալ Նահանգներում ծնված այն երեխաներին, որոնց ծնողներն անօրինական կերպով գտնվում էին երկրում, ինչպես նաև եթե նորածնի մայրը ժամանակավորապես մուտք է գործել երկիր, այդ թվում՝ այլ երկրի հետ առանց վիզայի ճանապարհորդության կամ ուսանողական, աշխատանքային կամ տուրիստական վիզայով, և հայրն ԱՄՆ քաղաքացի կամ մշտական բնակիչ չէ։
Պետության ղեկավարը բացատրել էր հրամանագիրը՝ ասելով, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության դրույթը սկզբնապես «նախատեսված էր ստրուկների երեխաների և նրանց պաշտպանության համար»։
«Սա Չինաստանի կամ այլ երկրների միլիարդատերերի համար չէ»,- ընդգծել էր նա։
Սահմանադրական փոփոխությունը, որը սահմանում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, ընդունվել էր Ամերիկյան քաղաքացիական պատերազմից (1861-1865) հետո՝ չեղյալ համարելով աֆրոամերիկացիների քաղաքացիությունը մերժելու Գերագույն դատարանի 1857 թվականի որոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







