«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում տարատեսակ հարկային ստուգումներ են ընթանում, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա հաստատել է այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն լուծարել է այն տարածքի վարձակալության պայմանագիրը, որտեղ գործում է Ծառուկյանին պատկանող Multi Wellness կենտրոնը։
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ընկերությունն ունի մինչև 2065 թվականը գործող վարձակալության պայմանագիր, սակայն քաղաքապետարանը մեկ ամիս առաջ տեղեկացրել է միակողմանի լուծման որոշման մասին։ Տոնոյանը հավելել է, որ կոնցեռնը մտադիր է այդ որոշումը վիճարկել դատական կարգով։
Նա նշել է, որ այդ որոշումը քաղաքական կոմպոնենտ ունի և ուղղված է Ծառուկյանի բիզնես գործունեության դեմ։
«Մեկ գիշերում նման որոշման կայացումը քաղաքական կոմպոնենտ է պարունակում, և իշխանությունները հերթական անգամ իրենց վարչական լծակները փորձում են որպես մահակ օգտագործել»,- հայտարարել է Տոնոյանը՝ հավելելով, որ իրավաբաններն այդ գործով զբաղվում են։
Այսօր ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին պատկանող Multi Wellness ընկերությանը կառուցապատման իրավունքի պայմանագիրը լուծելու մասին ծանուցում է ուղարկել: Ըստ պարբերականի տվյալների՝ քաղաքային իշխանություններն ընկերությանը մեկ ամիս ժամանակ են տվել հողամասը և դրա վրա կառուցված օբյեկտը համայնքի սեփականությանը վերադարձնելու համար:
Մայիսի 15-ին Ծառուկյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև հեռակա լեզվակռիվ էր տեղի ունեցել Հայաստանում նախընտրական քարոզարշավի ֆոնին: Վեճի առիթ էր դարձել մի շապիկ, որի վրա առկա էին «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին վերագրվող արտահայտություններ: Ծառուկյանն այն ժամանակ մեղադրել էր քաղաքապետին, որ նա զբաղվում է ոչ թե քաղաքային խնդիրներով, այլ «մայկա-տռուսիկ տպելով»՝ փորձելով հաճոյանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ Ավինյանը Փաշինյանի հետ զրույցում պատմել էր, որ Ծառուկյանն իրեն խորհուրդ է տվել զբաղվել քաղաքային գործերով, և խոստացել էր արձակուրդից հետո «մի քիչ զբաղվել բարեկարգմամբ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






