Արցախցի ակտիվիստ, 21 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը քվեարկել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հայտնել է Հետքը։
Նշվում է, որ հարցին, թե ինչպե՞ս է նա իրեն զգում, Օսիպյանը պատասխանել է՝ «հոյակապ»։
Օսիպյանն Արաբկիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։
Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին, կալանավորել մայիսի 21-ին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են հունիսի 7-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ը: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց քվեարկելու իրավունք ունի 2 505 102 քաղաքացի: Գործընթացին հետևում է 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







