ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Հայ կնոջ» արձանի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռնամուխ է լինելու «Նոյյան տապանի» նախագծի իրականացմանը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա մանրամասնել է, որ 134-137 մետր երկարություն ունեցող տապանի կերտվածքը համալրված է լինելու աստվածաշնչային անձնակազմով՝ Նոյ նահապետով, նրա կնոջով, որդիներով, հարսներով և զույգ կենդանիներով։
«Գործն է մնայուն, փողի չափը, թե ով ինչքան ունի, ոնց եկել է, այնպես էլ գնալու է։ Մենք պետք է կարողանանք մեր պատմությունը կյանքի կոչել։ Պետք է մեր երկրի պատիվն ավելի բարձր պահենք, մեր ժողովրդին ավելի շատ մարդ ճանաչի։ Ով անցյալը մոռացավ՝ ներկա չի կարող ունենալ»,- նշել է Ծառուկյանը։
Քաղաքական ուժի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագծի իրականացման համար համապատասխան վայրն արդեն ընտրված է, սակայն հստակ տեղանքը դեռևս չի հանրայնացվում։
«Ծառուկյան» հիմնադրամը 2022-ի օգոստոսին հայտարարել էր Հիսուսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին, կառավարությունը թույլտվություն էր տվել արձանը կառուցելուն: Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
2025 թվականի սեպտեմբերի 4-ին Ծառուկյանը հայտնել էր արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկի մասին։ Սեպտեմբերի 16-ին նա տեղեկացրել էր, որ արձանն արդեն պատրաստ է և բաղկացած է 4 կտորից:
Armenia Today-ը հարցում էր անցկացրել մայրաքաղաքում՝ հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







