ԱՄՆ-ի Project Freedom («Ազատություն» նախագիծ) գործողությունը, որի նպատակն է ռազմական հակամարտության պատճառով արգելափակված նավերը դուրս բերել Հորմուզի նեղուցից, դժվար թե կարողանա վերականգնել լիարժեք նավարկությունն այդ կարևոր ջրային ուղով, հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Verisk Maplecroft միջազգային վերլուծական ընկերության փորձագետին։
«Նավագնացային և ապահովագրական ընկերությունները պետք է սպասեն և տեսնեն, թե ինչպե՞ս դա կաշխատի: Այս նախաձեռնությունն ինքնին չի բերի Հորմուզի նեղուցի բացման»,- հեռուստաալիքը մեջբերել է ընկերության Մերձավոր Արևելքի գծով գլխավոր վերլուծաբան Թորբյորն Սոլտվեդտի խոսքերը։
Sky News-ը վկայակոչել է նաև գերմանական Hapag-Lloyd կոնտեյներային օպերատորի հայտարարությունը, որում ընկերությունն ընդունում է, որ նավարկությունը Հորմուզի նեղուցով առայժմ անհնար է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մայիսի 4-ի առավոտյան Միացյալ Նահանգները կսկսեն Project Freedom գործողությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առաքելությունը կենտրոնացած կլինի նեղուցից նավերի անվտանգ դուրսբերման վրա։ Նա նաև սպառնացել էր պատասխան ուժ կիրառել, «եթե այդ հումանիտար գործընթացը ենթարկվի որևէ միջամտության»:
Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







