ԱՄՆ զինվորականները պնդում են, որ կրակ են բացել իրանական ուժերի վրա և խորտակել վեց փոքր նավակ՝ Հորմուզի նեղուցը բացելու նախապատրաստական աշխատանքներում, հայտնում է Associated Press-ը։
Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել է, որ Իրանի կողմից հարձակման է ենթարկվել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հաջողությամբ բացել են նեղուցով անցումը, որը նա նկարագրել է որպես «իրանական ականներից ազատ»։
Քուփերը նշել է, որ Իրանը բազմաթիվ թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և փոքր նավակներ է օգտագործել ԱՄՆ ռազմական պաշտպանության տակ գտնվող քաղաքացիական նավերի դեմ։ Հրամանատարի խոսքով՝ ամերիկյան ուղղաթիռները խորտակել են իրանական 6 նավակ։
ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ մայիսի 4-ին ԱՄՆ դրոշի ներքո առևտրային 2 նավ հաջողությամբ անցել է նեղուցով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երթուղին բացելու նոր նախաձեռնության շրջանակներում։
Իրանի պետական տեղեկատվական IRNA գործակալությունն այս գործողություններն անվանել է Թրամփի «անհեթեթության» մաս, իսկ Իրանի ռազմական հրամանատարությունն զգուշացրել է, որ նեղուցով անցնող նավերը պետք է համակարգեն գործողություններն իրենց հետ, և որ նեղուց մոտենալ կամ մտնել փորձող օտարերկրյա ռազմական ուժերը «կդառնան թիրախ»։
Միևնույն ժամանակ, ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանի կողմից արձակված 15 հրթիռ և 4 անօդաչու թռչող սարք: Նշվում է, որ Իրանը կրակ է բացել ԱՄԷ նավթային ընկերության հետ կապված տանկերի վրա, երբ այն անցնում էր նեղուցով:
Ֆուջեյրա արևելյան էմիրության իշխանությունները հայտնել են, որ իրանական անօդաչու թռչող սարքերից մեկը հրդեհ է առաջացրել նավթավերամշակման գործարանում, որի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 3 քաղաքացի: Բրիտանական զինվորականները նաև հայտնել են ԱՄԷ ափերի մոտ երկու այրվող բեռնատար նավի մասին:
Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ի վրա հարվածները, հավանաբար, Իրանի պատասխանն են Հորմուզի նեղուցի վերաբացման ԱՄՆ-ի վերջին փորձերի:
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։





































