ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է ռեկորդային ցածր մակարդակի, մինչդեռ նավթի գները բարձրացել են մինչև չորս տարվա ամենաբարձր մակարդակը, հայտնում է Financial Times-ը (FT)։
FT-ն գրում է, որ ԱՄՆ նախագահի օգնականները շարունակում են վստահություն հայտնել նրա առաջնորդական որակների և քաղաքականության արժանիքների նկատմամբ։ Այնուամենայնիվ, որոշ հանրապետականներ կարծում են, որ Թրամփը կտրվել է սովորական ամերիկացիների մտահոգություններից, և որ ոչ ոք չի կարող նրան խանգարել կատարել քաղաքական սխալներ։
«Մենք մեր աչքերի առաջ տեսնում ենք, թե ինչպես է Թրամփի երկրորդ ժամկետը քանդվում»,- ասել է նախագահական պատմաբան Դուգլաս Բրինկլին։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը հիասթափության պատճառով կորցնում է 2024 թվականի հաղթանակն ապահոված հիմնական ընտրազանգվածի աջակցությունը։ Բրինկլին հավելել է, որ ամերիկացիներն ավելի ու ավելի են հարցնում. «Ո՞վ է իրականում Թրամփը, պե՞տք է արդյոք իրենց այս շոումենը»։
Թրամփը ճնշման տակ է Իրանի պատերազմի պատճառով, որը հանգեցրել է գազի գների բարձրացման՝ չնայած արտաքին ռազմական միջամտությունը մերժելու և գնաճի դեմ պայքարելու նախընտրական խոստումներին։
Ավելին, Թրամփը «հարձակումներ» է սկսել Հռոմի պապ Լևոն XIV-ի նկատմամբ և հրապարակել է իր՝ որպես կրոնական գործչի լուսանկարներ։
FT-ն գրում է, որ եթե Հորմուզի նեղուցը շուտով չբացվի, Թրամփն ստիպված կլինի հաշտվել նավթի բարձր գների հետ, որի համար նա բազմիցս քննադատել է իր նախորդին՝ Ջո Բայդենին։ Իրանի պատերազմը նաև թուլացրել է որպես համարձակ պետական գործիչ ներկայացնելու նրա փորձերը՝ մի կերպար, որը մշակել էր իր երկրորդ ժամկետի ընթացքում։
RealClearPolitics-ի տվյալներով՝ ամերիկացիների միայն 41%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը՝ որպես նախագահ, մինչդեռ 57%-ը դեմ է։
Որոշ քաղաքական վերլուծաբաններ կարծում են, որ հանրապետականները նոյեմբերին կկորցնեն Ներկայացուցիչների պալատի և, հնարավոր է, Սենատի վերահսկողությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 30-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար և դատապարտված է ձախողման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







