«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված 7 քաղաքացու գործով դատական նիստում տնային կալանքի որոշում է կայացվել 6-ի նկատմամբ, մեկն ազատ է արձակվել, հայտնել է քաղաքական ուժի անդամ Գոհար Մելոյանը:
Հակակոռուպցիոն դատարանում մինչև ուշ գիշեր ընթացել է կուսակցության Արտաշատի գրասենյակից ապրիլի 16-ին բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստը։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Մելոյանն ապրիլի 16-ին ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ ձայնագրություն էր հրապարակել և հայտնել «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակել էր իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում:
Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:
Թարմացված է՝ 17.04.2026 | 17։09
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







