Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իրանի կողմից երկրի վրա նոր հրթիռային հարձակման հետ կապված, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Իրանի տարածքից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու համար»,- նշել են աղբյուրները։
Մարտի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրանի կողմից արձակված նոր հրթիռի ոչնչացման մասին։ Այն խփվել էր Արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Զինամթերքի բեկորներն ընկել էին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանը շարունակում է սխալ քայլեր ձեռնարկել՝ չնայած նախազգուշացումներին։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ համակարգված հետևում են զարգացումներին։ Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և Կիպրոսի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն 11-րդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







