Պատերազմի 5-րդ օրն Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող թիրախներին և զգուշացրել պատասխան հարձակումների մասին, հաղորդում է BBC-ն:
Իրանը ևս նոր հարվածներ է հասցնում Իսրայելին, թիրախի տակ է Երուսաղեմը: Լիբանանի տարբեր հատվածներում իսրայելական ավիահարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահի» զինյալներին և օբյեկտները։
ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency (Hrana) կազմակերպությունը հայտնում է, որ հակամարտության սկզբից ի վեր Իրանում առնվազն 1097 խաղաղ բնակիչ է զոհվել։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե «Իրանում ամեն ինչ ոչնչացվել է»։ ԱՄՆ զինվորական հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Իրանում հարվածներ են հասցվել ավելի քան 2000 թիրախի։
Թրամփը նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական հարվածներին Լոնդոնի նախնական արձագանքը՝ ասելով՝ «Մենք գործ չունենք Ուինսթոն Չերչիլի հետ»։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







