ԱԱԾ-ն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կալանավորելու սպառնալիքներ է փոխանցում Մայր Աթոռին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Մայր Աթոռում մի քանի օր է, ինչ քննարկում են ինչպես չխափանել փետրվարի 16-19-ն Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը։ Հոգևոր դասը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, նշել է պարբերականը։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։ Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում:
Մամուլը հունվարի 31-ին գրել էր, որ Գարեգին Բ-ի դեմ նախաձեռնված քրեական վարույթով իշխանությունները հիմք են նախապատրաստում թույլ չտալ նրան լքել Հայաստանը։ Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







