ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով, հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը:
Ելույթ ունենալով «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` նա ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Անանյանն ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը և որպես հիմնադիր անդամ՝ ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:
ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում: Անանյանը Հայաստանի հետևողական սատարումն է հայտնել Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Հայաստանը հունվարի 22-ին դարձել է այն 19 երկրներից մեկը, որոնք ստորագրել են Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին փաստաթուղթը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհուրդը ենթադրում է Գազայի հակամարտության կարգավորման համար միջազգային հարթակի ձևավորում՝ այլ ճգնաժամերի մանդատի հնարավոր ընդլայնմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







