Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է մեղքն ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) գործով և կազատազրկվի 5 տարի ժամկետով, հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալ Ղարիբաշվիլիի հետ կնքել է դատավարական համաձայնություն (գործարք), որի շրջանակում Վրաստանի ՔՕ 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
Որպես լրացուցիչ պատիժ՝ նախկին պաշտոնյայի նկատմամբ սահմանվել է տուգանք՝ 1 մլն լարիի (371 հազար դոլարի) չափով։
Քննության վարկածով՝ 2019-2024 թվականներին Ղարիբաշվիլին ապօրինի կերպով զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և եկամուտների հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի հատուկ ծառայությունները նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ղարիբաշվիլիի տներում իրականացված խուզարկությունների արդյունքում առգրավել էին ավելի քան 7 միլիոն դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







