ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների և Սոցիալ-Դեմոկրատների խմբակցության փոխնախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը ԵԽԽՎ պաշտոնյաներին նամակներ է ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության պատկերը, հայտնել է Գալստյանը։
Նամակն ուղղված է, մասնավորապես, ԽՎ փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին:
Գալստյանի խոսքով՝ կից ներկայացրել է երկու զեկույց և մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ։
Նա ներկայացրել է ACPR-ի (Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն) զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝
1. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։
2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։
3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։
4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։
Գալստյանի խոսքով՝ զեկույցում նաև նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ), ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, Մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։
Մյուսը՝ «Հայաստան. ժողովրդավարության դիտարկում»՝ CivilNet-ի և «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոն»-ի համատեղ զեկույցն է, որը ներառում է իշխանությունների կողմից իրականացված խախտումների լայն շրջանակ: Երրորդը ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունն է Հայաստանում բռնաճնշումների առնչությամբ։
Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Դատարանը գործարարի՝ «եկեղեցին պաշտպանելու ենք մեր ձևով» արտահայտությունը որակել էր որպես իշխանության զավթման փորձ և երեք անգամ երկարացրել կալանքի ժամկետը։ Գործարարը բազմիցս շեշտել է` մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական և կշարունակի աջակցել եկեղեցուն։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






