Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կստորագրեն համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր, այդ թվում՝ անվտանգային, պաշտպանական բաղադրիչ է ներառում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չի հստակեցրել, թե անվտանգային, պաշտպանական կոնկրետ ինչ համագործակցություն է նախատեսում փաստաթուղթը։
Կոսի խոսքով՝ կողմերն ընդլայնելու են համագործացկությունն այլ ոլորտներում ևս, մասնավորապես՝ տնտեսական:
2024 թվականի հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտադրությունը, բանակցությունները պաշտոնապես մեկնարկել էին Երևանում՝ նախորդ տարվա դեկտեմբերին։
Երևանն ու Բրյուսելը 2024-ի տարեսկզբին նաև հայտարարել էին, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ: 2025-ի հունիսի 30-ին տրվել էր ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդատվությունների մեկնարկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







