Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը՝ Վարդապետաց դասը, անընդունելի է համարել եկեղեցու ներքին կառավարմանն աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։
«Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի գահազրկման օրակարգն սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը»,- ասվում է Վարդապետաց դասի տարածած հայտարարության մեջ։
Նրանք հիշեցրել են, որ եկեղեցու ներսում ծագած դավանական, վարդապետական, ծիսականոնական և կարգապահական խնդիրները բացառապես լուծվում են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հայ եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ և միախորհուրդ»՝ առանց հոգևորականների և իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։
Միաբանությունը պատգամել է եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից։
«Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին՝ հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս՝ միասնության մեջ պահելով մեր Սուրբ եկեղեցին և անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- հավելել են նրանք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Այսօր ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել էին վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






