Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել են վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը, տեղեկանում ենք Մայր Աթոռի հայտարարությունից։
Չնայած նրանք նիստից բացակայել են, սակայն ներկաներն անդրադարձել են նոյեմբերի 27-ին եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը և արձանագրել, որ այն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ արքեպիսկոպոսին հանդիպելու իր հետ, իսկ կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել, ասված է հայտարարության մեջ։
Ժողովում նաև նշել են, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Արշատ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել «օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց հովվապետի կողմից»։
Հրապարակման մեջ ասված է, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Արշակ արքեպիսկոպոսի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել էին և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։


























