Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ հաղորդում են ներկայացրել և Գլխավոր դատախազից պահանջել օրենքով նախատեսված գործողություններ կատարել՝ քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա բոլոր հանցակիցներին։
Հրապարակված հաղորդումը վերաբերում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ՀՀ քաղաքացիների սահմանադրական ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետի կողմից իրականացվող գործողություններին։
Նշվում է, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդների և իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպությունների և անհատների լռեցնելուն ուղղված «բռնաճնշումների արշավ», որը կոպտորեն խախտում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական և քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։
Ըստ հաղորդման՝ ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել է Հայ Առաքելական եկեղեցին, վեհափառը, բարձրաստիճան այլ հոգևորականներ, նրանց մերձավորները, եկեղեցականների իրավունքների պաշտպանած գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և բազմաթիվ այլ գործիչներ։
«Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության և օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ և ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձռնմխելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նրանք շեշտել են, որ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար՝ «նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում և իրագործում է» վերոնշյալ հանցագործությունները։
«Հաշվի առնելով Փաշինյանի հսկայական ազդեցությունը գործադիր իշխանության և արդարադատության համակարգի վրա, ինչպես նաև օրենքը անձնական կամայականությամբ փոխարինելու նրա անթաքույց և ապացուցված պատրաստակամությունը՝ նրա գործողություններն անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունեության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների համար»,- նշվում է հիմնավորման մեջ։
Հաղորդումն ստորագրել է 16 անձ, այդ թվում՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, «Հելսինկյան ասոցիացիա»-ից Արման Վեզիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Հայկական կոմիտե»-ից Նատալյա Մարտիրոսյանը, «301-ի Խորհուրդ» ՀԿ նախագահ Հայկ Նահապետյանը, լրագրող Տիգրան Պասկևիչյանը, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Հայաքվե» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Մանվելյանը, հրապարակախոս-վերլուծաբան Կարեն Քոչարյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ուրիշներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







