«Սրբազան պայքար» շարժման գործով անցնող Արման Իսրայելյանի կալանքը փոխվել է տնային կալանքով, հայտնել է նրա դուստրը՝ Հասմիկ Իսրայելյանը։
Դուստրը տեղեկացրել է, որ կալանքի փոփոխության որոշումը դատարանը կայացրել է օրերս, սակայն այդ մասին չի ցանկացել բարձրաձայնել՝ հաշվի առնելով, որ գործով անցնողներից դեռ կալանքի տակ են, այդ թվում՝ Լիդիա Մանթաշյանը։
«Լիդյան` միակ կին քաղբանտարկյալը, մեր խիղճն է` փակված բանտում: Նա Ամանորը կանցկացնի «Աբովյան» ՔԿՀ-ում, իր մորից ու քրոջից հեռու, հասարակությունից մեկուսացված։ Մովսեսը դեռ չի գրկի ու չի տեսնի իր նորածին` մեկամսյա որդուն, ում անվանակոչել է Բագրատ` ի պատիվ Բագրատ սրբազանի»,- գրել է Իսրայելյանի աղջիկը։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Նոյեմբերի 20-ին դատարանը փոխել էր «Սրբազան պայքարի» գործով երեք մեղադրյալի խափանման միջոցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







