Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ԵՄ մոնիթորինգի խմբի աշխատանքի ձևաչափը կփոխվի, «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թեմայի շուրջ ԵՄ գործընկերների հետ ունեցել են և առաջիկայում էլ կունենան քննարկումներ։
Ինչ վերաբերում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին, Փաշինյանն ընդգծել է, որ շատ ակտիվ աշխատանքներ են ընթանում ԱՄՆ գործընկերների հետ՝ այն արագ իրականացնելու նպատակով։
«Ուզում եմ ընդգծել այդ նախագծի կարևորությունն ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ադրբեջանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի երկրների, Ռուսաստանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Թուրքիայի համար։ Այս նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է ժամանակակից պատմության ամենահաջողված նախագիծը, որը երկրներին կբերի եկամուտներ, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն այն կարևորագույն գործոնն է, որը խաղաղությանը տալու է գործնական տեսք, և որ այդ գործոններից մեկն այս պահին ընթացքի մեջ է։
«Չգիտեմ՝ այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին կհասնի Ադրբեջան, հետո՝ Վրաստան, այնուհետև՝ Հայաստան»,- նշել է նա և գնահատանքի խոսք ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընդգծելով, որ սա այն դեպքերից էր, երբ «Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Հոկտեմբերի 21-ին Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների չեղարկման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






