Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը, նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այն հանգամանքը, որը ատեստացիային մասնակցած զինծառայողների 40%-ից ավելին չի հաղթահարում դրական շեմը, արդեն իսկ խոսում է զորքերում առկա մարտական պատրաստության մակարդակի մասին, սակայն զինծառայողների համապատասխան «մարզավիճակի» համար պատասխանատուներն անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն երկրորդական, շատ հաճախ` պոպուլիստական նախաձեռնությունների վրա են կենտրոնանում»,- գրել է նա Ֆեյսբուքում:
Ըստ պատգամավորի՝ որպես հրատապ քայլ պետք է աշխատել բազային աշխատավարձի և մարտական հերթապահության գումարների բարձրացման ուղղությամբ: Այդ գումարների մի մասը, նրա համոզմամբ, պետք է նախատեսել ատեստացիայի գումարների նվազեցման, մյուս մասը` բյուջեի լրացուցիչ ներարկումների միջոցով:
«Ատեստացիայի գումարները պետք է տրամաբանական վերաբաշխումների ենթարկվեն, իսկ ՊՆ-ն իր կենտրոնական ապարատի ջանքերը կենտրոնացնի զորքերի մարտունակությունը համապատասխան մակարդակի բերելու ոչ ձևական միջոցառումների իրականացմամբ և վերահսկմամբ»,- հավելել է նա:
Հայկական բանակում ատեստավորման ծրագիրը ներդրվել էր 2022 թվականի վերջին և սկսել գործել 2023 թվականի կեսերին։ Զինծառայողները հանձնում են ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստության քննություններ: Հավաստագրումը հաջողությամբ անցնելուց հետո նրանց աշխատավարձը բարձրանում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







