ԱՄՆ-ն տարածք է նախապատրաստում Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների համար, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր կողմից վերլուծված արբանյակային լուսանկարներին։
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին Պուերտո Ռիկոյի Ռուզվելտ Ռոուդսի ԱՄՆ ռազմածովային ավիաբազայում, որը լքված էր ավելի քան 20 տարի, սկսվել էին շինարարական աշխատանքներ։
Բացի այդ, նշվում է, որ Միացյալ Նահանգներն ընդլայնում է քաղաքացիական օդանավակայանների ենթակառուցվածքները Պուերտո Ռիկոյում և Սենթ Կրուայում, որոնք ԱՄՆ Վիրջինյան կղզիների մաս են կազմում: Այդ տարածքները գտնվում են Վենեսուելայից մոտավորապես 500 մղոն (մոտ 800 կմ) հեռավորության վրա:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը մեղադրում է Կարակասին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում բավականաչափ նախաձեռնողական չլինելու մեջ։ Այդ պատրվակով ԱՄՆ-ն մեծ ուժեր է տեղակայել Կարիբյան տարածաշրջանում։
The Miami Herald-ը հոկտեմբերի 31-ին հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է հարձակվել Վենեսուելայում գտնվող ռազմական թիրախների վրա: Թերթի տվյալներով՝ հարվածները կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հերքել էր Վենեսուելային հարված հասցնելու մասին քննարկումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







