2023 թվականին Հնդկաստանից Հայաստան ներմուծված քաղցկեղի դեղերն անարդյունք են կամ կողմնակի ազդեցություն են առաջացնում, գրում է «Հետքը»։
Լրատվամիջոցը հղում է կատարել բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոյին» (The Bureau of Investigative Journalism), որը հունիսին քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ հետաքննություն էր հրապարակել: Փորձաքննության էին ենթարկվել քիմիաթերապիայի դեղամիջոցներ տարբեր արտադրողներից։ 189 փորձանմուշների 20%-ը չէր համապատասխանել որակական չափանիշներին, ինչը ներառում է 17 արտադրողի 20 ապրանքանիշ։
Հետաքննությունը պարզել է, որ դեղամիջոցների օգտագործումը կա՛մ ոչ մի օգուտ չի տալիս, կա՛մ կողմնակի ազդեցություն է առաջացնում՝ լուրջ հետևանքներով։ Այս անորակ դեղամիջոցների տարբեր խմբաքանակներ հայտնվել են աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
Ըստ բրիտանացի հետաքննողների՝ 2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել Doxobyra (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) և CTX-GLS (ցիկլոֆոսֆամիդ) դեղամիջոցները` յուրաքանչյուրից 400-ական։ «Հետքը» պարզել է, որ ներմուծողը «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն է, որը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է ներմուծման հավաստագիր։
Նշվում է, որ «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Վիոլետա» բժշկական կենտրոնի հետ, որը երկու տարի առաջ հայտնվել էր նմանատիպ պատմության կենտրոնում՝ կապված Հնդկաստանից մանկական քաղցկեղի անորակ դեղ ներկրելու հետ։
«Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Միակ սեփականատերն ու գլխավոր բժիշկը վարակաբան, լյարդաբան Վիոլետա Սարգսյանն է։ Նրա հետ կապ ունեցող երկու ընկերություն տարբեր տարիների մասնակցել է պետական գնումների, ապա ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
«Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղերի ներմուծման այս պատմությունը ցույց է տալիս, որ շուկայում ոչ արդյունավետ դեղեր կարող են հայտնվել նաև Առողջապահության նախարարության թույլտվությամբ, իսկ վերահսկողական մեխանիզմները թույլ են»,- եզրափակել է լրատվամիջոցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







