Հոկտեմբերի 24-ի առավոտյան Տավուշի մարզի Իջևան-Բերդ մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է, բոլոր տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք շարունակում են հետազոտություն անցնել։ Բժիշկները մեկ տուժածի վիճակը գնահատում են ծանր։
ՀՀ ՆԳՆ-ի տվյալներով՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 8:51-ին ստացվել է Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդում։ Նշվում է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը։
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նրանք տեղափոխվել են Տավուշի բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վթարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, պարզվում է վարորդների, տրանսպորտային միջոցների սեփականատերերի և տուժածների ինքնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







