Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից է ձերբակալվել հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հավաքի գործով, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:
Նշվում է, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում) և 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը, առավելագույն պատիժը՝ երկու տարվա ազատազրկում):
ՔԿ-ն տվյալ քրեական վարույթը միացրել է զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին:
Գյումրու քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 20-ի առավոտից մեկնարկել էին օպերատիվ գործողությունները: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու գործով 8 անձի ձերբակալման մասին, նրանց թվում են համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը: Հաջորդ օրը դատարանը երկու ամսով կալանավորել էր Գյումրիի քաղաքապետին։ Երկու ամսով կալանավորվել էր նաև «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր նաև Գյումրու քաղաքապետի և համայնքի պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու և լիազորությունները չարաշահելու գործով մյուս ձերբակալվածների լիազորությունները կասեցնելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







